Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահ

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, որպեսզի խուսափի snapback մեխանիզմի ակտիվացումից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կարող է ելք գտնել ցանկացած իրավիճակից նույնիսկ միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում: Նրա խոսքը մեջբերում է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը։
Իրանը ծնկի չի գա ագրեսորի առաջ․ նախագահ Փեզեշքիանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Փեզեշքիանի խոսքով՝ հարևան պետությունների հետ երկկողմ կապերից բացի, Իրանը հնարավորություններ ունի այնպիսի միավորումներին անդամակցության շնորհիվ, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):
«Պատժամիջոցների վերադարձն, անշուշտ, ցանկալի չէ, բայց դա ճանապարհի վերջը չէ։ Մենք չենք հանձնվի և կկարողանանք հաղթահարել ցանկացած մարտահրավեր՝ հաշվի առնելով մեր ներուժը տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում»,-նշել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, որպեսզի խուսափի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից snapback մեխանիզմի ակտիվացումից (պատժամիջոցների վերականգնումից): Իրանի ԱԳՆ-ում նման հայտարարություններն անվանել էին ոչ ադեկվատ՝ հիշեցնելով, որ հունիսին` Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ, Իրանի ուղղությամբ հարվածներ են հասցվել: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նաև ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը երկրին օգուտ չի բերի և կարող է վերածվել վնասի:
Փեզեշքիանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի շրջանակում ստեղծել պատժամիջոցների հակազդման մեխանիզմ
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման չի ձգտում, իսկ պատժամիջոցների վերականգնման մասին «եվրաեռյակի» նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, գործելով ԱՄՆ-ի աջակցությամբ, ձգտում են ճնշում գործադրել Թեհրանի վրա և վերադարձնել 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված սահմանափակումները:
Օգոստոսի 28-ին «եվրաեռյակը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էր պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։ Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը մերժեց սահմանափակումները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, ինչը հանգեցնում է դրանց վերադարձին: Սպասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ից հետո: