ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիական ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ Սանայի ուղղությամբ իսրայելական օդուժի հարվածներից մեկը դիպել է ձերբակալվածների պահման վայրին։
«Սանայում իսրայելական ագրեսիան ուղղված է եղել անվտանգության ծառայության ուղղիչ հաստատություններից մեկի դեմ, որտեղ պահվում են կալանավորներն ու ձերբակալվածները»,-Al Masirah հեռուստաալիքին հայտնել են անվտանգության և հետախուզության ծառայությունում:
Ավելի վաղ տեղական իշխանություններում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ իսրայելական կործանիչները ավելի քան 11 հարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, մասնավորապես, նախագահական պալատի տարածքում գտնվող ռազմական ճամբարին և հութիների դիրքերին Սանայի հարավում։
Դրա հետ մեկտեղ հութիների կառավարության առողջապահության նախարարության խոսնակ Անիս ալ-Ասբահին X սոցիալական ցանցում հայտնել էր, որ հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերին և բենզալցակայանին, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, 48-ը վիրավորվել են:
Սեպտեմբերի 24–ին Իսրայելի հարավում ընկել էր հութիների արձակած ԱԹՍ-ն, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ էր տուժել։ Դրանից հետո Իսրայելը հութիներին սպառնացել էր կոշտ պատասխան տալ։