ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրաքթարը։
«Նախագահների հանդիպումից հետո, նրանց ներկայությամբ, մենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,-գրել է Բայրաքթարը X սոցիալական ցանցում:
Նախարարը նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը նոր գործընթաց են սկսել, որի շրջանակներում «կխորացվի» ատոմային էներգետիկայի ոլորտում լայնածավալ համագործակցությունը:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տանը կայացել էր ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: