ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյան սպանության դեպքին։
«Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես երբ որ գտնեմ նպատակահարմար, մշտապես պատրաստ եմ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է գործի բուն ընթացքին, նա ասաց, որ այս պահին ձերբակալված անձ չկա, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն հայտնել չի կարող։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի»,– հավելեց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։