Շատ լավ ու հարգված, համեստ մարդ էր. փարաքարցիները` Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Բնակիչներից ոմանք կրակոցի ձայներ լսել են։
Sputnik
Փարաքար համայնքի բնակիչները ցնցված են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության լուրից։ Նկատում են, որ սա մի քանի ամսվա մեջ արդեն 2-րդ սպանություն է։
Կրակոցի ձայները բնակիչները չեն լսել. Գրիգորյանն իր դեռևս չբնակեցված տան հետնամասում է սպանվել, որը մյուս տներից հեռու է գտնվում։ Վալոդյա Գրիգորյանի սպանության լուրն առավոտյան են իմացել, ասում են ցավ են ապրում, քանի որ համեստ ու լավ մարդ էր։ Թե՛ տեսախցիկի դիմաց, թե ներկայանալ չցանկացող փարաքարցիները նշում էին, որ համայնքում Գրիգորյանների ընտանիքը հարգված էր, ու Վալոդյա Գրիգորյանից էլ իրենք վատ բան չեն տեսել։
«Համեստ մարդ էր ու ինչ հարցով դիմում էին, օգնում էր»,– ասաց բնակիչներից մեկը։
Թոշակառու կինը կրակոցներ լսել է, սակայն հեռվից ու չի հասկացել` ինչ է կատարվում։
«Ինքը շատ-շատ լավ մարդ էր ու գիտեինք, որ իրանով գյուղի վիճակն ամեն ինչով լավ է լինելու։ Ես միայնակ թոշակառու կին եմ ու իրենք ամեն ինչով ինձ հասկանում էին, իսկ առաջինները նույնիսկ Աստծո բարև չէին տալիս։ Ծանոթ, թե անծանոթ էր, ինքը բարևում էր որպես համագյուղացի»,– պատմեց թոշակառու կինը։
Տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ ամբողջ համայնքը կարող է փաստել, որ Վալոդյա Գրիգորյանը հայ ազգին նվիրված մարդ էր։ «Ինքը շատ հասուն տղա էր, կարևոր մարդ էր, լուրջ տղա ու ամեն ինչից հասկացող և օգնող»,– նշեց տղամարդը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա, Կարեն Աբրահամյանը՝ երկու։
Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել:
Իրավապահները փնտրում են հանցագործին։