ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Իրանը մի շարք փաստաթղթեր կստորագրեն Իրանում փոքր հզորության ԱԷԿ-ի նախագծման և կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։
«Հուշագրի իրականացման համար կողմերի համապատասխպան կառույցների միջև կնախապատրաստվեն և կստորագրվեն փոքր մոդուլային ռեակտորների հիման վրա կայանների նախագծման և կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Ռոսատոմը» հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել փոքր հզորության ԱԷԿ-ի կառուցման հարցում համագործակցության վերաբերյալ:
Նշենք, որ Մոսկվան և Թեհրանը 2014-ի նոյեմբերին ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Իրանում կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկներ: Բացի «Բուշեր» ակոմակայանի 4 էներգաբլոկներից, խոսվել է այլ հարթակում ևս 4-ի կառուցման հնարավորության մասին:
Ներկայում Իրանում գործում է միայն մեկ՝ Բուշերի ատոմակայանը, որի առաջին բլոկի կառուցումն ավարտվել է ՌԴ-ի մասնակցությամբ։ Կայանը 2011 թվականի սեպտեմբերին միացվել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային էներգահամակարգին: