ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ուեցած դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը: ՄԻՊ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները։
«Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։ Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք»,– ասալէ պաշտպանը:
Մարդու իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին ու հարազատներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել:
Իրավապահները փնտրում են հանցագործին։