Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ճանապարհային քարտեզը հիմք կստեղծի հարաբերությունների զարգացման համար

Ճանապարհային քարտեզը նաև զարգացման ներուժ կստեղծի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բիզնես ոլորտում համագործակցության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի իրականացման համատեղ համագործակցության ճանապարհային քարտեզը հիմք կհանդիսանա Թեհրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև համագործակցության հետագա զարգացման համար, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցության ներուժ կստեղծի: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը։
Այսօր Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստը, որի արդյունքներով տեղի է ունեցել ճեպազրույց:
«Այդ ճանապարհային քարտեզը որոշակի ենթակառուցվածք կպատրաստի մեր համագործակցության հետագա զարգացման համար։ Մենք այսօր քննարկել ենք համագործակցության գրեթե բոլոր բնագավառները՝ տրանսպորտից և տարանցումից մինչև մաքսային ոլորտ և առևտուր», - ասել է Աթաբակը։
Նա նշել է, որ տվյալ ճանապարհային քարտեզը նաև զարգացման ներուժ կստեղծի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բիզնես ոլորտում համագործակցության համար:
«Ներկայում հարկ է ամրապնդել տարատեսակ տարածաշրջանային-միջազգային կազմակերպությունները։ Մեր տարածաշրջանում գործում են ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ը, և կարծում եմ, որ այդ կազմակերպությունների գծով ջանքերն ամրապնդում են բազմակողմանիությունն ու հանդես են գալիս Արևմուտքի միասնական գծի դեմ», - ամփոփել է Աթաբակը։
ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ԱԱԳ մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին: Ավելի վաղ՝ 2025 թվականի հունվարին, ՌԴ-ի և Իրանի միջև ստորագրվել էր համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։