ՀՀ արտգործնախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը

Նրանք հույս են հայտնել, որ վաշինգտոնյան համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նրանք խոսել են նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում գերիների այցելությունների կազմակերպման խնդիրների մասին։
«Զրուցակիցները հյուս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հավելենք, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։