ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ընդմիջումից հետո «Ազիմուտ» ավիաընկերության առաջին չվերթը Կրասնոդարից դեպի Երևան մեկնեց սեպտեմբերի 24-ին՝ ըստ ժամանակացույցի՝ լիարժեք բեռնվածությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնեցին Կրասնոդարի միջազգային օդանավակայանը կառավարող «Աերոդինամիկա» հոլդինգի մամուլի ծառայությունից։
««Աերոդինամիկա» հոլդինգի մաս կազմող «Կրասնոդար» միջազգային օդանավակայանը հայտարարում է Կրասնոդար-Երևան երթուղով «Ազիմուտ» ավիաընկերության չվերթերի մեկնարկի մասին... Ավիաընկերության առաջին չվերթը դեպի Երևան մեկնեց ըստ ժամանակացույցի և լիարժեք բեռնվածությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին՝ SSJ-100 ինքնաթիռներով, որը կարող է տեղավորել 100 ուղևոր։ Ճանապարհի ընդհանուր տևողությունը կկազմի մեկ ժամ քառասուն րոպե։ Կրասնոդարի և Երևանի միջև ժամային տարբերությունը մեկ ժամ է, հիշեցրել են «Աերոդինամիկա»-ից։
«Հետագայում դեպի ՀՀ մայրաքաղաք չվերթերի թիվը կավելանա, և արդեն սեպտեմբերի 26-ից դեպի Երևան չվերթերը կսկսի իրականացնել «Աերոֆլոտ» ավիաընկերությունը», – հավելել է հոլդինգի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Կրասնոդարի օդանավակայանը, որը փակ էր 2022 թվականի փետրվարի վերջից անվտանգության նկատառումներից ելնելով, սեպտեմբերի 11-ից վերաբացվել է չվերթերի սպասարկման համար։ «Ռոսավիացիան» հայտարարել էր, որ Մոսկվայից դեպի Կրասնոդար առաջին կանոնավոր չվերթը սեպտեմբերի 17-ին կիրականացնի «Աերոֆլոտը»։
«Ազիմուտ» ավիաընկերությունը բազավորվել է Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 2017 թվականից։