Ակնկալում ենք, որ սպանությունը շատ արագ կբացահայտվի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահի խոսքով` Վալոդյա Գրիգորյանը որևիցե կոնֆլիկտ, որևիցե միջադեպ որևիցե անձի հետ չի ունեցել, միշտ բոլորի հետ բաց, ընկերասեր է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունեցել Մերձավանում, դա իրավապահ համակարգի բացն է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23–ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Մեզ համար ուղղակի զարմանալի էր այս դեպքը։ Վալոդյան ինձ հետ զրույցներում երբևէ որևէ մտահգություն չի հայտնել, նորմալ աշխատում էր։ Հույս ունենք, որ իրավապահները կբացահայտեն դեպքը` անկախ ամեն ինչից։ Այս դեպքն ուղղակի իրավապահ համակարգի բացն է, երբ անձին սպանում են նման ձևով…ուղղակի կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու հետևանք է։ Միայն սպանության փաստն արդեն իսկ դատապարտելի է։ Ակնկալում ենք, որ այն շատ արագ կբացահայտվի»,– նշեց նա։
Առաքելյանն անդրադարձավ նաև շրջանառվող այն լուրերին, թե տեղի ունեցածը վենդետա է։ «Թող իրավապահները շարունակեն աշխատանքները ու ընթացքում, եթե մտահոգությունները շարունակվեն, մենք մեր գնհատականները կհայտնենք»,– նշեց նա։
Առաքելյանի խոսքով` այն, ինչ տեղի է ունեցել, իրենց համար անձնական մեծ ողբերգություն է։
«Վալոդյան մեր ընկերն էր։ Նա օրուգիշեր լծված էր իր աշխատանքին, իր համայնքի ու նրա բնակիչների խնդիրների լուծմանը։ Որևիցե կոնֆլիկտ, որևիցե միջադեպ որևիցե անձի հետ չի ունեցել, միշտ բոլորի հետ բաց, ընկերասեր է եղել։ Մի քանի օր առաջ նրա հետ քննարկում էինք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»,– պատմեց Առաքելյանը։
Նշենք, որ ԶԼՄ տեղեկություններով` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Անցած կեսգիշերին Փարաքարում իր տան բակում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։