ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի, բայց կազմակերպությունն այն լիովին իրացնելուն նույնիսկ մոտ չէ, այդ թվում՝ հակամարտությունների լուծման հարցերում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՄԱԿ-ին՝ համաշխարհային հակամարտությունների կարգավորման հարցում անգործության համար:
Նա հավելել է, որ ինքը վերջին յոթ ամսվա ընթացքում օգնել է յոթ պատերազմ ավարտել:
«Ես չափազանց զբաղված էի միլիոնավոր կյանքեր փրկելու և պատերազմները դադարեցնելու աշխատանքով։ Բայց հետո հասկացա, որ ՄԱԿ-ը մեզ չի օգնում։ Եթե այդպես է, ապա ո՞րն է ՄԱԿ-ի իմաստը»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։
Ընդ որում, Թրամփը նշել է, որ նախագահության առաջին ժամկետում իր ձեռք բերած խաղաղությունը փլուզվել է՝ տեղը զիջելով մեծագույն ճգնաժամերին:
«Վեց տարի է անցել այն օրվանից, երբ ես վերջին անգամ կանգնեցի այս մեծ դահլիճում և դիմեցի աշխարհին, որը բարգավաճ և խաղաղ էր իմ առաջին ժամկետում: Այդ օրվանից պատերազմի զենքը ոչնչացրել է խաղաղությունը, որը ես հաստատել էի երկու մայրցամաքներում, հանգստության և կայունության դարաշրջանը տեղի է տվել մեր ժամանակների ամենամեծ ճգնաժամային դարաշրջաններից մեկին»,-ասել է Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թուլացրել են «արմատականության չորս տարիները» նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, սակայն այս պահին երկիրն աշխարհում «մրցակիցներ չունի»: