ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի, դրա օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
«Մենք նման զենքի կարիք չունենք, մենք որոշել ենք հրաժարվել դրանից»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Թեհրանը տեղի չի տա արտաքին ճնշմանը ուրանի հարստացման իրավունքին վերաբերող հարցերում։
Խամենեին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պահին Թեհրանին օգուտ չեն տա, այլ միայն վնաս կհասցնեն:
«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններն Իրանի ազգային շահերին ոչ մի օգնություն չեն տա, ոչ մի օգուտ չեն տա մեզ, ոչ մի չարիքից մեզ չեն պաշտպանի»,- ասել է նա:
Խամենենին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պայմաններում անդառնալի վնաս են հասցնում Իրանին:
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախաձեռնել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը: Սեպտեմբերի 19–ին այն մերժեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը։ Քվեարկության ընթացքում բանաձևին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը և Պակիստանը: Դեմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 9 անդամներ (ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան), երկուսը ձեռնպահ են մնացել: