ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Հարավային Լիբանանի Նակուրա քաղաքում գտնվող՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) բազայի տարածքում: Այս մասին հայտնում է լիբանանյան «Al Jadeed» հեռուստաալիքը։
«Բոլոր աշխատակիցներին խնդրել են գտնվել «Գրին Հիլս» համալիրում ընկնելու վայրից անվտանգ հեռավորության վրա», - տեղեկացնում է հեռուստաալիքը։
Իսրայելական հետախուզական և մարտական անօդաչուները շուրջօրյա գտնվում են Հարավային Լիբանանի օդային տարածքում՝ պարբերաբար հետախուզական գործունեություն ծավալելով նաև երկրի արևելքում ու Բեյրութի երկնքում: Հարվածային ԱԹՍ-ները իսրայելական բանակը կիրառում է «Հզբոլլահի» անդամների դեմ։ Անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: