«Ինձ հեչ չե՞ս խղճում». Նեֆիլիի գործն ու Գյումրու խնամակալության մարմինների անգործությունը

Sputnik
Արդեն վեց տարի Վարդանուշ Խանգելդյանն անարդյունք փորձում է իր միակ թոռնուհու հետ շփվելու իրավունք ստանալ։ Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը, նա բախվում է բյուրոկրատական խոչընդոտների և կամայականությունների։ 11-ամյա Նեֆիլի Մուրադյանի պատմությունը ակնառու է դարձնում Գյումրու խնամակալության ինստիտուտի խնդիրները։
Քաղաքային իշխանությունների փոփոխմանը զուգահետ Խանգելդյանի մոտ հույս է ծնվել, որ արդարությունը, այնուամենայնիվ, կվերականգնվի։

Նախապատմությունը

Վարդանուշ Խանգելդյանի կրտսեր դուստրը մոր և քրոջ` Սյուզաննայի հետ ապրում էր Հունաստանում։ Այնտեղ նա ամուսնանում է ծնունդով գյումրեցի Գագիկ Մուրադյանի հետ, և շուտով զույգը դուստր է ունենում` Նեֆիլիին։ Աղջկան դաստիարակում էին ոչ միայն ծնողները, այլև տատիկն ու մորաքույրը։
Երբ Նեֆիլին չորսուկես տարեկան էր, նրա մայրը մահանում է քաղցկեղից։ Ողբերգության մասին աղջկան սկզբում չէին ասում, իսկ մոտ մեկ ամիս անց նրա մորաքույրը` Սյուզաննան, որոշում է ժամանակավոր մեկնել Հայաստան, և զարմուհուն տանում է իր հետ:
Գյումրիում նա երեխային թողնում է հոր հարազատների մոտ, որոնց Նեֆիլին հազիվ էր ճանաչում։ Աղջիկը չէր ուզում մնալ անծանոթ մարդկանց մոտ, բայց նրան, այնուամենայնիվ, համոզում են: Երբ մի քանի օր անց Սյուզաննան վերադառնում է զարմուհու հետևից, նրան ասում են, որ աղջկան այլևս չեն տալու։ Դա տեղի է ունեցել 2019 թվականին…

Նեֆիլի Մուրադյանի գործը

Արդեն երկար տարիներ Վարդանուշ Խանգելդյանը փորձում է դատական կարգով հարազատ թոռնուհուն այցելելու, նրա հետ շփվելու իրավունք ստանալ, սակայն նրա պայքարը բախվում է ոչ միայն Հունաստանից վերադարձած հոր և նրա բարեկամների դիմադրությանը, այլև պետական մարմինների անտարբերությանը։
Նեֆիլի Մուրադյանի գործը դատարանում քննվում է արդեն վեց տարի։ Վարդանուշը բազմիցս շահել է գործընթացներն ու իր օգտին որոշումներ ստացել, բայց միայն թղթի վրա։ Դատարանը բավարարել է միջնորդությունները, սակայն դրանցից ոչ մեկն այդպես էլ չի կատարվել։
«Առանց ոստիկանության կամ գոնե ԴԱՀԿ աշխատակցի անհնար է մտնել այդ տուն։ Այնտեղ ոչ միայն անընդհատ վիրավորում ու ծաղրում են ինձ, այլ ուղղակի բռունցքներով հարձակվում են վրաս։ Երեխային ահավոր բաներ են պատմում, այն աստիճան, թե իբր ես եմ սպանել նրա մորը, այսինքն` սեփական աղջկաս։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում... իսկ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հրաժարվում են ամեն ինչ արձանագրել, իրենք նախկին փեսայիս հետ ներքին պայմանավորվածություն ունեն»,- պատմեց Վարդանուշը:
Գյումրու դատարանի առաջին որոշմամբ աղջկա խնամակալությունը հենց տատիկին է փոխանցվել։
«Այն ժամանակ ԴԱՀԿ Շիրակի բաժինը Թադևոս Վարդանյանն էր դեկավարում։ Որոշումը ենթակա էր անհապաղ կատարման, բայց նա ինձ հետ ուղարկեց Երևան և ասաց, որ 4-5 օրից վերադառնամ։ Հետո էլ ասաց` մեկ շաբաթից... ուղղակի ժամանակ էր ձգում, ինձնից ինչ-որ բան էր սպասում»,-հիշում է կինը։
20 օր անց Հայաստան է վերադարձել Նեֆիլիի հայրը, նոր հայց է ներկայացրել և, տատիկի խոսքով, պայմանավորվել է «ում հետ պետք է»: Արդյունքում խնամակալությունը փոխանցվել է նրան։ Ֆորմալ առումով Վարդանուշը որոշակի օրերի թոռնուհու հետ հանդիպելու և նույնիսկ նրան գիշերը իր մոտ պահելու հնարավորություն ունի։ Սակայն գործնականում ոչ մի նման այց չի եղել. երեխան, հայտնվելով հոր և նրա ընտանիքի ճնշման տակ, սկսել է հրաժարվել տատիկի հետ շփումից։
Հանդիպումներին պետք է ներկա գտնվեր ԴԱՀԿ-ի աշխատակցուհի Լիլիթ Պետրոսյանը։ Բայց, ըստ Վարդանուշի, նա ոչ միայն չի աջակցել, այլ հակառակը` աչք է փակել երեխայի վրա ճնշում գործադրելու ակնհայտ փաստերի վրա։
«Իմ վրդովմունքին Լիլիթը պատասխանում էր` ում ուզում ես` բողոքի, մեկ է` ոչ մի բանի չես հասնելու։ Եվ գիտե՞ք` դրանից հետո նրա պաշտոնը նույնիսկ բարձրացրին. ԴԱՀԿ-ի ավագ աշխատակից դարձրին»,-ասում է Խանգելդյանը։

Առևանգում առանց որևէ հետևանքի

2024 թվականին Գյումրու քաղաքապետարանի խնամակալության մարմինը որոշում է կայացրել Նեֆիլի Մուրադյանին վերցնել հոր ընտանիքից և տեղափոխել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Նման ծայրահեղ քայլի համար հիմք են հանդիսացել մի քանի հոգեբանների եզրակացությունները, որոնք մատնանշել են, որ աղջիկը մեծանում է անառողջ միջավայրում և ենթարկվում է առնվազն հոգեբանական բռնության: Լրացուցիչ գործոն են դարձել քրեական գործերը, որոնք երեխայի հոր և պապի դեմ հարուցվել են Վարդանուշի տեսակցությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ խախտումների համար։ Գագիկ Մուրադյանի հորաքրոջ նկատմամբ նույնիսկ քրեական գործ կա հարուցված Նեֆիլիի աչքի առաջ մորական տատին ծեծելու համար։ Վարդանուշին պարբերաբար քաշքշել և նրա վրա հարձակվել են նաև Գագիկ Մուրադյանն ու նրա ընտանիքի այլ անդամները։
2024 թվականի հուլիսի 31-ին խնամակալության մարմնի աշխատակիցները` նախագահ Էդիկ Բաղրամյանի գլխավորությամբ, ոստիկանության աջակցությամբ կազմակերպել են աղջկա տեղափոխումը «Զատիկ»: Սակայն հոգեբանի աշխատասենյակում հայտնվելուց անմիջապես հետո, անհասկանալի հանգամանքներում, հայրը հասանելիություն է ստացել երեխային և տարել է նրան։
Ո՛չ աղջկա կողքին գտնվող հոգեբանը, ո՛չ ճգնաժամային կենտրոնի տնօրեն Անգին Արշակյանը որևէ պարզաբանում չեն տվել մոր հարազատներին: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Արշակյանը հայտարարեց, որ իրավիճակը պետք է մեկնաբանեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, սակայն այնտեղ ևս հստակ պատասխաններ այդպես էլ չեն տվել։
Նեֆիլի Մուրադյանը մինչ օրս հոր տանն է, թեև հոգեբանները, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Դավիթ Թումասյանը միաձայն պնդում են, որ հոգեբանական ծանր վիճակի պատճառով աղջկան անհրաժեշտ է շտապ տեղափոխել ճգնաժամային կենտրոն, որտեղ նրա հետ կաշխատեն մասնագետները:
Տեղափոխությունը կազմակերպելու համար Գյումրու խնամակալության մարմինն է պատասխանատու, սակայն Բաղրամյանը մեզ հետ զրույցում կտրականապես հրաժարվեց ևս մեկ փորձ ձեռնարկել: Իր որոշումը նա պատճառաբանում է նրանով, որ ընտանիքի անդամները ճնշում են գործադրում խնամակալության մարմնի աշխատակիցների և երեխայի վրա, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչները, նրա խոսքով, պատշաճ աջակցություն չեն ցուցաբերում։
Մինչդեռ հենց այս գերատեսչությունն է (որը երկար տարիներ ղեկավարել է Էդիկ Բաղրամյանը) պարտավոր պաշտպանել երեխային, գործել նրա անվտանգությունից և առողջությունից ելնելով։
«Նրա գործողությունները կողմնակալությունից բացի ուրիշ անուն չունեն»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց իրավաբան և իրավապաշտպան Հայկազ Մակարյանը։
Ուշագրավ է, որ Բաղրամյանը խնամակալության մարմնի ղեկավարի պաշտոնը համատեղում էր թաղման բյուրոյի ղեկավարի պաշտոնի հետ: Վերջինից նրան ազատեցին միայն Գյումրիում ընտրություններից հետո։
Sputnik Արմենիայի թղթակիցը բազմիցս փորձել է Էդիկ Բաղրամյանից պարզել, թե երբ կկատարվի Նեֆիլիին չեզոք վայր տեղափոխելու որոշումը։
Պաշտոնյան, սակայն, հայտարարեց, որ չի պատրաստվում նոր փորձեր անել, առնվազն` մինչև Գագիկ Մուրադյանի գործով դատավճռի կայացումը: Հիշեցնենք, որ աղջկա հորը մեղադրում են զոքանչին` Վարդանուշ Խանգելդյանին ծեծելու մեջ։ Դատական գործընթացը ձգվում է մոտ երկու տարի և մինչ օրս շոշափելի արդյունքներ չի տվել։
«Տպավորություն է ստեղծվում, որ այդ բոլոր գերատեսչությունները պայմանավորված են որոշումներ կայացնում և գործում են ոչ թե հանուն երեխայի պաշտպանության, այլ ի վնաս նրա»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Ի՞նչ է տեղի ունենում այս պահին

Լիլիթ Պետրոսյանի հեռանալուց հետո Նեֆիլիի գործը փոխանցել են ԴԱՀԿ ծառայության մեկ այլ աշխատակցի` Կարո Ռեհանյանին։ Սակայն, ինչպես նշում է Վարդանուշը, իրավիճակը չի փոխվել. նոր աշխատակիցը նույնպես չի կատարում դատարանի կարգադրությունները և նույնիսկ չի արձանագրել Գագիկ Մուրադյանի և նրա ընտանիքի կողմից բազմաթիվ խախտումները` վիրավորանքները, սպառնալիքները, երեխայի նկատմամբ ճնշումները և տատի ու թոռան շփման համար խոչընդոտներ ստեղծելը:
«Մեր վերջին հանդիպման ժամանակ Նեֆիլին նայեց ինձ ու ասաց. «Ինչո՞ւ ես գալիս, դու ինձ հեչ չե՞ս խղճում»,-պատմում է Վարդանուշը։
Նրա խոսքով` խնամակալության մարմինների կողմնակալությունը նախկին փեսային թույլ է տվել աղջկան վերածել հանգամանքների պատանդի։ Մուրադյանը երեխայի համար ամսական մոտ հազար դոլար է ստանում հունական կառավարությունից, իսկ ինքը` Նեֆիլին, մշտական ճնշման հետևանքով ավելի ու ավելի հաճախ է հրաժարվում տատիկի հետ շփումից։
Չնայած տարիների տանջանքներին, նվաստացումներին և գրեթե անհույս վիճակին, Վարդանուշը չի պատրաստվում հանձնվել:
«Նեֆիլին միակ բանն է, որ մնացել է իմ մահացած աղջկանից։ Ուրեմն ես այլևս չե՞մ կարողանալու նրան մոտս պահել, ինչպես առաջ, մինչև այդ չարաբաստիկ օրը, երբ նրան բերեցինք Գյումրի` հոր հարազատների մոտ։ Ուրեմն նա ինձ էլ չի՞ գրկելու, քնքշորեն «Թութուշ» չի՞ ասելու»,-ասում է նա։
Այսօր, չնայած մշտական սթրեսի հետևանքով առաջացած առողջական լուրջ խնդիրներին, Վարդանուշը շարունակում է պայքարել: Նրա խոսքով` Գյումրիում ղեկավարության փոփոխությունից հետո հույսի շող է հայտնվել։