Գրոսին ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու

Նա հայտարարել է, որ հույս ունի «հնարավորինս շատ աջակցություն ստանալ»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ մտադիր է հավակնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին:
Համաշխարհային կազմակերպության գործող ղեկավար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նույն թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրի, որը պետք է պաշտոնը ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ին։
«ՄԱԿ-ը հիմա բարդ դրության մեջ է։ Հավատում եմ, որ հնարավոր է այնպես անել, որ ՄԱԿ-ը նշանակություն ունենա։ Եթե դուք ասում եք, որ ձեզ անհանգստացնում է հակամարտությունների, բռնությունների աճը, ապա որոշակիորեն կեղծ է կենտրոնանալ ուրիշ բաների վրա», - ասել է Գրոսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ֆրանսիական Agence France-Presse-ին տված հարցազրույցում:
Այսպիսով, ըստ նրա, «բոլորն ընդունում են», որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման իր խնդիրը: Այս կապակցությամբ արգենտինացի գործիչը հավաստիացրել է, որ այդ պաշտոնում կօգտվի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի աշխատանքի փորձից: Գրոսին նաև հայտարարել է, որ կձգտի երկխոսություն վարել «բոլորի հետ» և «բոլորի համար ընդունելի միջնորդ լինել»: «Այնպես որ, այո՛, ես թեկնածու կլինեմ այդ պատճառներով», - նշել է նա:
Միևնույն ժամանակ Գրոսսին հայտարարել է, որ հույս ունի «հնարավորինս շատ աջակցություն ստանալ»:
Գլխավոր քարտուղարին ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և հաստատում է Գլխավոր վեհաժողովը, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է՝ վերընտրվելու հնարավորությամբ: Ժամկետների սահմանափակում չկա, սակայն մինչ օրս ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել 10 տարուց ավելի: Հաստատված պրակտիկայի համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չի ընտրվում Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան) ներկայացուցիչներից: