ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) արդեն պետք է ընտրեն կա՛մ Իրանի հետ առճակատման ուղին, կա՛մ նրա հետ համագործակցելու ուղին։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Նյու Յորք կատարած իմ այցի ժամանակ կհանդիպեմ եվրոպական երկրների արտգործնախարարների մեծ մասի հետ։ Այժմ բոլոր կողմերը պետք է որոշեն՝ ինչ ընտրել. համագործակցությո՞ւն, թե՞ առճակատում»,– ասել է նա Նյու Յորք ժամանելուց հետո Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը համարում է դիվանագիտական լուծումը։ Արաղչին ընդգծել է, որ առաջիկա օրերին բանակցությունները պետք է արդյունքներ տան, հակառակ դեպքում Իրանը կձեռնարկի իր սեփական միջոցները։ Դիվանագետի խոսքով՝ համաձայնության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե այն հաշվի առնի Իրանի ժողովրդի շահերը և ապահովի երկրի անվտանգությունը։
Իրանի արտգործնախարարը հերքել է Ուիտկոֆի հետ ուղիղ շփվելու մասին լուրը
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախաձեռնեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմի գործարկումը։ Սեպտեմբերի 19–ին խորհուրդը մերժեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևը։ Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը և Պակիստանը քվեարկեցին բանաձևի օգտին։ Անվտանգության խորհրդի ինը անդամներ (այդ թվում ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան) դեմ քվեարկեցին, երկուսը ձեռնպահ մնացին։