Թեհրանն ու Մոսկվան ատոմային նոր էներգաբլոկների մասին համաձայնագիր կստորագրեն

Էսլամիի խոսքով՝ համապատասխան փաստաթղթերը կստորագրվեն այս շաբաթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իրանն ու Ռուսաստանը կստորագրեն նոր ատոմային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ փաստաթղթեր։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար և երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին։
Նրա խոսքով՝ համապատասխան փաստաթղթերը կստորագրվեն այս շաբաթ, ինչից հետո հնարավոր կլինի ծրագրի նախագծման և ինժեներական մշակման գործնական քայլերի իրագործումը:
Մոսկվան և Թեհրանը 2014 թվականի նոյեմբերին ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Իրանում կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկներ: Բացի «Բուշեր» կայանի չորս էներգաբլոկներից, խոսվել է այլ հարթակում ևս չորսի կառուցման հնարավորության մասին:
Ներկայում Իրանում գործում է միայն մեկ ատոմակայան՝ Բուշեր քաղաքում: Ատոմակայանի առաջին բլոկը, որի կառուցումն ավարտվել է ՌԴ-ի մասնակցությամբ, 2011 թվականի սեպտեմբերին միացվել է Իսլամական Հանրապետության ազգային էներգահամակարգին: