ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը 10 տարվա ընթացքում պետք է 300 հրթիռ և հազար սարք արտադրի և ուղարկի տիեզերք: Այս մասին ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը:
«Մենք 10 տարվա ընթացքում պետք է պատրաստենք և գործարկենք հազար տիեզերական սարք։ Նաև պետք է 10 տարում արտադրենք 300 հրթիռ, այսինքն՝ տարեկան 20-30 հրթիռ», - «Միկրոէլեկտրոնիկա 2025» համաժողովի լիագումար նստաշրջանում ասել է Բականովը։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը պաշտոնապես բացել են նոր Ազգային տիեզերական կենտրոնը Մոսկվայում:
Ազգային տիեզերական կենտրոնը գտնվում է Մոսկվայի արևմուտքում։ Նոր կենտրոն կտեղափոխվեն «Ռոսկոսմոսի» աշխատակիցները, նույն շենքում կտեղակայվեն մի շարք մասնավոր ընկերությունների աշխատակիցներ և Ռուսաստանում NASA-ի ներկայացուցիչները:
Համալիրի շինարարությունը սկսվել է 2019 թվականի վերջին՝ Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտարտադրական կենտրոնի տարածքում։ Ճարտարապետական առումով համալիրում տիրապետող է համարվում 288 մետր բարձրությամբ եռանիստ 47-հարկանի աշտարակը՝ սրաձողով, որը հիշեցնում է մեկնարկային սեղանի վրա տեղադրված հրթիռ։ Կենտրոնը ներառում է նաև մասնաշենքեր (8-10 հարկ)։ Համալիրով «Ռոսկոսմոսի» աշխատակիցների հարմարավետ շարժն ապահովելու համար կորպուսներն իրար միացված են հետիոտնային սրահով և կամրջային անցումներով։