Փակվել են 27 զենքի ընդհատակյա արհեստանոցներ, առգրավվել է 250 կգ պայթուցիչ նյութ. ՌԴ ԱԴԾ

Նշվում է, որ դադարեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության գաղտնի արհեստանոցների գործունեությունը։
Sputnik
Ուժայինները ՌԴ 32 մարզերում հայտնաբերել են 27 ընդհատակյա զենքի արհեստանոցներ, առգրավվել է 200 հրազեն, ավելի քան 1500 նռնակ և 250 կգ պայթուցիչ նյութ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Ապօրինի զինագործների բնակության հասցեներում իրականացվել են օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Սևաստոպոլում, ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում, Ալթայի Հանրապետությունում, Ղրիմի Հանրապետությունում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայում և Խակասիայում, Անդրբայկալյան, Կրասնոդարի, Կրասնոյարսկի, Պերմի, Պրիմորսկի և Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաև Արխանգելսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Հրեական ինքնավար մարզի, Իրկուտսկի, Կալուգայի, Կեմերովոյի, Կուրսկի, Լենինգրադի, Լիպեցկի, Մոսկվայի, Մուրմանսկի, Նովգորոդի, Պսկովի, Ռոստովի, Տոմսկի և Խերսոնի մարզերում։
«ՌԴ ԱԴԾ–ն Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցությամբ կանխել է երկրի 32 մարզերից 43 բնակիչների անօրինական գործունեությունը, որոնք ներգրավված են եղել խոցման միջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ընդհատակյա արհեստանոցներում քաղաքացիական նմուշի զենքի մարտական ​հատկանիշների վերականգնման և դրանց վաճառքի մեջ», – ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է հայրենական և արտասահմանյան արտադրության 200 հրազեն՝ ինը գնդացիր, 75 ինքնաձիգ, 10 գնդացիր-ատրճանակ, 71 ատրճանակ և ռևոլվեր, 35 հրացան, ինչպես նաև 17 նռնականետ, 356 հակատանկային, հակահետևակային և ականանետային ական, 7 հրետանային արկ, 1503 նռնակ, ավելի քան 250 կգ պայթուցիչ նյութ (տրոտիլ, վառոդ) և տարբեր տրամաչափի ավելի քան 120 հազար փամփուշտ։
Զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 27 ընդհատակյա արհեստանոցների գործունեությունը դադարեցվել է։