ԵՐԵՎԱՆ,22 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ՝ ԵԱՏՄ գործադիր մարմին) ավարտել է ԵԱՏՄ-ում փորձնական կարգով էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման տեխնիկական փաստաթղթերը: Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովին։
2021-23 թվականներին առանց փաստաթղթի բեռնափոխադրումները փորձարկվել են Ռուսաստանի և Բելառուսի միջև, այդ փորձի հիման վրա կկազմվեն ամբողջ ԵԱՏՄ-ի համար փաստաթղթերը։ Մասնավորապես, որպես ստանդարտ կվերցվի ՄԱԿ-ի չափանիշներով կազմված e-CMR միջազգային տրանսպորտային բեռնագիրը։
Անցումը թվային տեխնոլոգիաներին կնվազեցնի բիզնեսի ծախսերը և կարագացնի բեռների անցկացումն ու տրանսպորտային փաստաթղթերի ստուգումը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: