ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Արևմուտքի կործանարար քայլերի արդյունքում էապես խարխլվել են միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
«Արևմուտքի երկրների կողմից նախկինում ձեռնարկված բավական կործանարար քայլերի արդյունքում էապես խարխլվել է միջուկային զենք ունեցող պետությունների միջև կառուցողական հարաբերությունների և գործնական փոխգործակցությունը։ Խարխլվել են համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկխոսություն վարելու հիմքերը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի սահմանափակումներին համապատասխանելու քայլերն արդյունք կտան, եթե ԱՄՆ–ն փոխադարձությամբ արձագանքի:
«Տվյալ միջոցը (ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրով նախատեսված սահմանափակումների պահպանումը -խմբ.) կենսունակ կդառնա միայն այն պայմանով, որ ԱՄՆ-ն կգործի նույն կերպ և քայլեր չձեռնարկի, որոնք կխաթարեն կամ կխախտեն զսպման պոտենցիալների առկա հարաբերակցությունը», - ասել է նա:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է 2026 թվականի փետրվարի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում շարունակել հավատարիմ մնալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին համապատասխան սահմանափակումներին:
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։ Նրա խոսքով՝ նախքան քննարկմանը վերադառնալը պետք է հասկանալ, թե ինչի են հավակնում այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես հաշվի առնել նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր հարվածային ներուժը: Պայմանագրին ՌԴ-ի մասնակցության դադարեցման մասին պաշտոնական նոտան ԱՄՆ-ին փոխանցվել է փետրվարի 28-ին:
2023-ի հունիսի սկզբին, որպես հակաքայլ, Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցնում է իր ռազմավարական սպառազինության կարգավիճակի և գտնվելու վայրի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղեկատվության փոխանցումը, ինչը նախատեսված է պայմանագրով, ապա հետ է կանչել պայմանագրի շրջանակներում ստուգումներ անցկացնելու համար ՌԴ մասնագետներին տրված վիզաները և հայտարարել նորերը չտրամադրելու մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ-ին հեռաչափական տեղեկատվության տրամադրման դադարեցման մասին, որը վերաբերում է ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, ինչպես նաև սուզանավերից բալիստիկ հրթիռների արձակմանը: