Զոհվածների հարազատները Եռաբլուրում են, որպեսզի իշխանությանը թույլ չտան այցելել պանթեոն

Զոհված զինծառայողների ծնողները կարծում են, որ գործող իշխանությունը Եռաբլուրում գտնվելու իրավունք չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Եռաբլուրում, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին թույլ չտան առավոտյան այցելել պանթեոն։
Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս Անկախության օրը դիմավորելու են Եռաբլուրում։
«Այն իշխանությունը, որը Հայաստանը տանում է կործանման, Արցախը կործանել է և զոհել է ավելի քան 5000 տղաների, իրավունք չունի գտնվելու այստեղ` հերոսական պանթեոնում»,– ասաց 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը` Աստղ Գալեյանը։
Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին և նահատակների ու նրանց ծնողների առաջ խոնարհմանը։
«Փաշինյանը կարող է խոնարհվել այն ծնողների առաջ, ովքեր իրեն ներել են ու ընդունում են։ Ես չեմ ընդունում նրա խոնարհումը, որովհետև ես նրան չեմ ներում, չեմ ներելու մինչև մահ ու գերեզման»,– ասաց զոհված զինծառայողի մայրը։
Գալեյանն ընդգծեց` չի հավատում նաև վարչապետի հուզմունքին, ու հավելեց` իր համար դա նշանակություն չունի։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նույնպես հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, և միայն դրանից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։