Կուզեի մեկ օրով Մեսսին լինել. Գևորգ Ղազարյանը` ֆուտբոլի մասին և ոչ միայն

Sputnik Արմենիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ– Արմենիա» ակումբի մարզիչ Գևորգ Ղազարյանի հետ զրուցել է նրա կարիերայի, կյանքի, վախերի, ձախողումների, սիրելի ուտեստների ու իհարկե հայկական ֆուտբոլի մասին։
Sputnik

Կյանքի ամենադժվար որոշումներից մեկը

2 տարի առաջ ՀՖՖ–ն մի տեսանյութ հրապարակեց, որում Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարում էր, որ պատրաստվում է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Տեսանյութն առանց հուզմունքի դիտելն անհնար էր անգամ ոչ ֆուտբոլասերների համար։ Մարզիկը նույնպես հուզվել էր. չէր կարողանում արտահայտել զգացմունքները։
«Կյանքիս ամենադժվար որոշումներից մեկն է եղել, եթե ոչ ամենադժվարը։ Իմ կապվածությունը ֆուտբոլիստ Գևորգի հետ շատ–շատ մեծ էր, ես չեմ կարող դա բառերով բացատրել կամ նկարագրել։ Այնպիսի զգացողություն էր, որ կորցրեցի սիրելի ինչ–որ մի բան»,– ասում է նա։
Չնայած մարզիկը հիմա էլ ֆուտբոլից մեղմ ասած` հեռու չէ ( նա «Արարատ– Արմենիա» ակումբի մարզիչներից մեկն է), բայց ասում է, որ նույն զգացմունքները չեն` ֆուտբոլ խաղալն ու ֆուտբոլում լինելը տարբեր բաներ են։
Գևորգ Ղազարյան
«Դժվար թե ինչ–որ ուրիշ գործ այդ բացը լրացնի։ Ես ֆուտբոլը սիրում եմ, ֆուտբոլի մեջ եմ, բայց այնպես, ինչպես սիրում էի ֆուտբոլ խաղալ, էլ ոչինչ չկա»,– նշում է նա։

Ամեն ինչ սկսվեց 7 տարեկանում

Գևորգ Ղազարյանը սպորտով սկսել է զբաղվել 7 տարեկանում։ Հարևանն է բակում տեսել տղայի խաղը ու տարել մարզադաշտ։ Այդ ժամանակվանից ի վեր, ինչպես ինքն է բնութագրում, ուշքն ու միտքը միայն ֆուտբոլն է։ Կյանքի ամենահիշարժան պահը նա համարում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով առաջին անգամ մարզադաշտ դուրս գալը։ Ու չնայած հանուն արդյունքի իրեն շատ բաներից է զրկել, բայց համոզված է` արժեր։
«Ցանկացած ֆուտբոլիստ, որ որոշում է դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ, պետք է հասկանա դա։ Պետք է պատրաստ լինի, որ իրեն զրկելու է շատ բաներից` հասարակ առիթներից, ուրախություններից սկսած։ Պետք է ինքն իր մեջ դաստիարակի կարգապահություն, պատրաստ լինի դժվար կյանքի, մինչև որ հասնի այն արդյունքին, որն իրեն պետք է»,– ասում է ֆուտբոլիստը։
Գևորգ Ղազարյան
Եթե հնարավորություն ունենար հանդիպել համաշխարհային ֆուտբոլի աստղերից մեկին, կընտրեր Զինեդին Զիդանին, իսկ եթե հնարավորություն ունենար մեկ օրով նրանցից մեկի տեղում հայտնվել` կընտրեր Լիոնել Մեսսիին։
«Որ իր նման խաղ ցույց տայի, դաշտում` այդքան խաղացողների մեջ, ինչ ուզեի` անեի»,– ասում է Ղազարյանը։

Հայկական ֆուտբոլի զարգացման գաղտնիքը

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի մասին` Գևորգ Ղազարյանն ասում է, որ մեր թիմը հաջողության կհասնի այն ժամանակ միայն, երբ բոլոր գծերում հզոր և մարտունակ թիմ ունենանք, իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ երկրում սկսի զարգանալ մանկապատանեկան ֆուտբոլը։
«Պետք է կայացնենք շատ բարդ ու դժվար որոշումներ, ժամանակավոր արդյունքը դնենք մի կողմ ու զբաղվենք մանկապատանեկան ֆուտբոլով, կարողանանք մեր ֆուտբոլիստներին հասցնել այն մակարդակի, որ ունենանք ուժեղ հավաքական։ Նրանց էլ գումարվեն սփյուռքի խաղացողները, և ունենաք հզոր թիմ», ասում է նա։
Իսկ հավանո՞ւմ է արդյոք Գևորգ Ղազարյանը մեր ազգային հավաքականի ներկայիս կազմը, կիմանաք` դիտելով տեսանյութը։