ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ադելիա Պետրոսյանը կարող է պայքարել 2026-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի, իսկ Պյոտր Գումեննիկը՝ ուժեղագույնների եռյակում հայտնվելու համար, սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե երկու գեղասահորդներն էլ ցույց տան իրենց առավելագույնը: ՌԻԱ Նովոստիին նման կարծիք է հայտնել 2002-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, պրոդյուսեր և պարուսույց Իլյա Ավերբուխը։
Կիրակի օրը Գումեննիկը նվաճել է Իտալիայի Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ հաղթելով Պեկինի ընտրական մրցաշարում: Մեկ օր առաջ կանանց որակավորման փուլում հաղթել էր Պետրոսյանը։
«Շնորհավորում եմ Պյոտրին և Ադելիային։ Նրանց ընտրության հարցում կասկած չկար։ Բայց կարևորը ոչ թե պարզապես անցնելն էր, այլ հաղթելը, քանի որ ցանկացած հաղթանակ վստահություն է հաղորդում։ Հիանալի է, որ Պյոտրը չհեշտացրեց ծրագիրը և գնաց քառակի ցատկերի։ Հիմքը դրված է, թեև կարևոր է հիշել՝ սա մրցաշրջանի միայն սկիզբն է, և իր լավագույն մարզավիճակին պետք է հասնի փետրվարին», - նշել է Ավերբուխը:
Նրա խոսքով՝ գլխավոր մրցակիցները մրցաշարում հանդես չեն եկել, և օլիմպիադայում պայքարն ավելի լուրջ է լինելու:
«Մեր տղաները մեկնարկում են ամենաթույլ նախավարժանքներով, քանի որ դեռ վարկանիշային միավորներ չունեն։ Հետևաբար, շատ կարևոր է կարճ ծրագրերում լավ հանդես գալ, որպեսզի այնուհետև մտնենք ուժեղագույն խմբերի մեջ: Այդ ժամանակ Ադելիան ոսկու, իսկ Պյոտրը՝ լավագույն եռյակում հայտնվելու շանսեր կունենան», - հավելել է պարուսույցը։