ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Նախնական արդյունքները արձանագրելու համար այժմ տեղի է ունենում ձեռքով հաշվարկ»,– ասված է հաղորդագրությունում։
ArmLur.am-ը գրում է, որ ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե սկանդալի է վերածվում. հաշվարկի վերջին փուլում պարզվել է, որ քվեաթերթիկներն ավելի շատ են, քան ընտրական գործընթացում ներգրավված ՔՊ-ականները։ Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվել են։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած վերադարձել է, պահանջել է պարզել թվային տարբերությունները և զեկուցել: Հիմա թիմակիցները փորձում են ավել թվերը մատուցել իբրև տեխնիկական խնդիր»,–գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` այսօր Երևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը, որին հաջորդեց կուսակցության վարչության ընտրությունը։ Քվեարկության ընթացքը շուրջ 4 ժամ հեռարձակվում էր նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Այժմ հեռարձակումը դադարեցվել է։