ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Իրանը կրկին դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը եվրոպական երկրների գործողությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է IRIB-ը՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։
«Չնայած գործակալության և արտգործնախարարության համագործակցությանը ևայդ հարցի կարգավորման նախագծերին` եվրոպական երկրների գործողությունների պատճառով ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությունը կդադարեցվի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, այդ իսկ պատճառով Թեհրանի դեմ սահմանափակումները կվերականգնվեն (սպասվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 27-ից հետո): ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այդ որոշմանը դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը:
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է այդ որոշումը՝ նշելով, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան տալու և կարծում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում հետևանքների պատասխանատվությունը ընկնելու է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի վրա, որոնք նախաձեռնել են պատժամիջոցների վերականգնման գործընթացը: