ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է լուրն այն մասին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ անմիջական շփում է ունեցել Իրանի ատոմային ծրագրի հարցով:
«Amwaj» կայքը, որը մեկնաբանում է Իրանին վերաբերող լուրերը, սեպտեմբերի 19-ին հայտնել էր, որ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման սպառնալիքի ֆոնին Արաղչին Ուիտկոֆին է ներկայացրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի նախագիծը:
«Այդ տեղեկությունը հավաստի չէ», - ասել է Արաղչին` պատասխանելով «Tasnim» գործակալության թղթակցի հարցին:
Իրանցի նախարարը հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակումն իրականացվում է ուղիղ ձևաչափով կամ անհրաժեշտության դեպքում միջնորդների միջոցով, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ դեռ չեն եղել:
Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, այդ իսկ պատճառով Թեհրանի դեմ սահմանափակումները կվերականգնվեն (սպասվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 27-ից հետո): ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այդ որոշմանը դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը:
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է այդ որոշումը՝ նշելով, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան տալու և կարծում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում հետևանքների պատասխանատվությունը ընկնելու է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի վրա, որոնք նախաձեռնել են պատժամիջոցների վերականգնման գործընթացը: