ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Կրասնոյարսկի երկրամասից ժամանած բիզնես առաքելությունը Երևանում և Իջևանում (Տավուշի մարզի վարչական կենտրոն) ներկայացրել է ամենագնացներ, շարժական տներ, երկաթգծերի բետոնե հիմքեր և շինանյութեր:
Կրասնոյարսկի երկրամասի փոխմարզպետ Վալերի Սեմյոնովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էին ոչ միայն բիզնեսի ներկայացուցիչներ, այլև նախարարներ տարածաշրջանի կառավարությունից: Կրասնոյարսկի երկրամասը Տավուշի մարզի հետ գործընկերության և համակողմանի զարգացման մասին համաձայնագիր ունի, ուստի այցի շրջանակներում քննարկվել են ոչ միայն գործարար, այլև մարդասիրական կապերը:
Հայկական բիզնեսի ներկայացուցիչները Կրասնոյարսկի երկրամասի առևտրատնտեսական, զբոսաշրջային և հումանիտար հնարավորություններին ծանոթացել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում կայացած հանդիպման ընթացքում:
Հայկական կողմին առաջին հերթին հետաքրքրել են մասնագիտական կրթության, (Կրասնոյարսկի Սիբիրյան դաշնային համալսարանին կից գործում է ծրագիր խոհարարների համար), ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի հնարավոր նախագծերը: Կրասնոյարսկի երկրամասի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի մասնագետները պատմել են, թե ինչ կարելի է տեսնել այնտեղ (հայտնի «Սյուներ» ազգային պարկը, հավերժական սառույցի թանգարանը և այլն), իսկ տուրիզմի հայկական ֆեդերացիան ներկայացրել է Սևանա լիճը, Տավուշի անտառներն ու տաճարները:
Տավուշի մարզ այցելելության ժամանակ հանդիպում է տեղի ունեցել մարզպետ Հայկ Ղալումյանի հետ. քննարկվել են ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև զբոսաշրջության և արդյունաբերական կոոպերացիայի նախագծերը:
Իջևանում հյուրերին ուղեկցել են գինու և կոնյակի գործարան, ինչպես նաև արտահագուստ և տեխնիկական ձեռնոցներ արտադրող տեքստիլ գործարան, որի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
«Հատուկ հետաքրքրություն է առաջացրել այցելությունը «ԷկոՏավուշ» անասնաբուծական և կաթնամթերքի վերամշակման համալիր՝ պատրաստի արտադրանքի համտեսմամբ, ինչը մեծ գաստրոնոմիական հաճույք է պատճառել պատվիրակության անդամներին»,-նշել են ՌԴ առևտրային ներկայացուցչությունում:
Կրասնոյարսկի երկրամասից ժամանած բիզնես առաքելությունը բարձր գնահատականի է արժանացել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կողմից: Կրասնոյարսկի ընկերությունները ներկայացրել են պահանջված արտադրանք՝ ամենագնացներ, շարժական տներ, շինանյութ, երկաթգծերի բետոնե հիմքեր, որոնք կարող են հետաքրքիր լինել նաև Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններին: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև մշակութային փոխանակմանը և մարդասիրական կապերի զարգացմանը: Առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինն ընդգծել է, որ նման պատվիրակությունները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը և նոր համատեղ նախագծերի համար ամուր հիմքի ձևավորմանը: