ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել է սեպտեմբերի 17–ին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ Էդգար Հունանյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024-ի հուլիսի 29–ին: Իսկ մինչ այդ Հունանյանը եղել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետ։