ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում գրեթե 80 զոհ և 228 վիրավոր է տեղափոխվել պաղեստինյան Գազայի հատվածի հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է տեղի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ հումանիտար օգնության բաշխման կետերի մոտ եղել է 9 զոհ և 33 վիրավոր, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 65 141-ի, վիրավորվել է 165 հազար 925 մարդ:
Հիշեցնենք` Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: