ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի- Sputnik. Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը»,-նշված է հաղորդագրությունում։
Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք, որ Հայաստանը արբատրաժային դատարանի անդամ է դարձել 2025-ի մարտին։