Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է. «Գյումրու օր» միջոցառումը չեղարկվե՞լ է

«Գյումրու օր» տոնակատարություն. Արխիվային լուսանկար
Միջոցառման կազմակերպման համար պետք է հատկացվեր 6 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունն այս տարի չի անցկացվի։ Տոնակատարության անցկացման հարցը երեկ պետք է քննարկվեր Գյումրի քաղաքի ավագանու նիստում, սակայն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով հարցը հանվել է օրակարգից, գրում է «24News»–ը։
«Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-ասել է նա։
Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությունը պաշտպանել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։
Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։
«Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,– գրել է նա։
Նշենք, որ միջոցառման կազմակերպման համար պետք է հատկացվեր 6 միլիոն դրամ։