ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ստավրոպոլի բնակիչները վճարել են Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովայի երևանյան բնակարանի վերանորոգման համար։ Ստավրոպոլի երկրամասի մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը շնորհակալություն է հայտնել ստավրոպոլցիներին Հայրենական մեծ պատերազմի վետերանին օգնելու համար, հայտնում է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը:
Վլադիմիրովը սոցցանցի իր էջում նշել է, որ Ստավրոպոլի երկրամասում Գալինա Պետուխովայի մասին իմացել են Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին Ռուսաստանի մունիցիպալիտետների պատվիրակությունների մասնակցությունից հետո:
«Գալինա Պավլովնայի մասին տեղեկացա այս տարվա հունիսին։ Երևանում նա եկել էր Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին։ Այնտեղ էր նաև Ռուսաստանի մունիցիպալիտետների պատվիրակությունը, ես նույնպես դրա կազմում էի՝ մեր հայրենակիցների հետ միասին։
<...> Տարիներն իրենց գործն անում են, բայց Գալինա Պավլովնան փորձում է ինքնուրույն լուծել առօրյա խնդիրները: Ամենադժվարը բնակարանի վերանորոգումն էր, նա դրա հնարավորություն չուներ։ Ստավրոպոլում այդ մասին իմացան, գտնվեցին հոգատար մարդիկ, որոնք սեփական միջոցներով կարգի բերեցին բնակարանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Բարի գործի և մարդկային արարքի համար: Հայրենական մեծ պատերազմի սերնդի նկատմամբ հարգանքի համար»,-ընդգծել է Վլադիմիրովը։
Լենինգրադցի Գալինա Պետուխովան ընդամենը 3 տարեկան էր, երբ քաղաքը շրջափակվել է։ Գալյայի ծնողները մահացել են սովից, աղջիկը հայտնվել է մանկատանը և տարհանվել Իվանովոյի մարզ։ 7-րդ դասարանում սկսել է աշխատել որպես ջուլհակուհի։ 1962 թվականին Գալինա Պավլովնան մի խումբ մասնագետների հետ ուղարկվել է օգնելու Հայաստանի թեթև արդյունաբերության ձեռնարկություններին։ Երևանի կամվոլի կոմբինատում աշխատել է 45 տարի, իր ձեռքբերումների համար պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով, Աշխատանքային Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով: