ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը աստիճանաբար հրաժարվում է «ոչ բարեկամական երկրներ» եզրույթից։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի նախապատրաստման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Աստիճանաբար հրաժարվում ենք ոչ բարեկամական երկրներ եզրույթից, չնայած այն մնում է օրենսդրության մեջ։ Ինչպես վերջերս, եթե չեմ սխալվում, Վլադիվոստոկում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալիս՝ ՌԴ նախագահը շեշտեց, որ մենք ոչ բարեկամական երկրներ չունենք, կան երկրներ, որոնք ՌԴ–ի նկատմամբ ոչ բարեկամական կառավարություններ ունեն», – ասել է Լավրովը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։