ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Կատարին հասցված իսրայելական հարվածը միջազգային օրենսդրության ցնցող խախտում է, Գազայում պատերազմի խաղաղ կարգավորումը խաթարելու փորձ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը։
«Կատարին հասցված հարվածը միջազգային օրենսդրության ցնցող խախտում է և ոտնձգություն տարածաշրջանային խաղաղության ու կայունության դեմ, հարված ամբողջ աշխարհում միջնորդության և բանակցությունների ինստիտուտի ամբողջականությանը։ Ես դատապարտում եմ այն և կոչ եմ անում բոլոր երկրներին նույնն անել»,-ասել է Թյուրկը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նստաշրջանում։
Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածները Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աղաղակող խախտում են։
«Ամբողջ աշխարհի կողմից աջակցություն ստացող բանակցությունների մասնակիցների վրա հարձակումը իրենց իսկ տարածքում խաթարում է Կատարի՝ որպես միջնորդի առանցքային դերը։ Դա հարձակում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գլոբալ փորձերի վրա։ Ես Խորհրդին կոչ եմ անում վերահաստատել բանակցային գործընթացի կենտրոնական դերը և պատասխանատվության ենթարկել սպանությունների համար»,-ասել է Թյուրկը։
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարեց «Կրակե գագաթ» գործողության մեկնարկի մասին և հարվածներ հասցրեց Դոհայում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին: Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերացնելու գործողությունը, որի պատասխանատվությունը ինքն է կրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին հասցված հարվածներն անվանեց «դժբախտ պատահար»` նշելով, որ այդ թեմայով խոսել է Նեթանյահուի հետ։
Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Արաբական երկրները նաև կոչ են արել միջազգային հանրությանը վերջ դնել իսրայելական հարձակումներին:
Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ արեց դադարեցնել «Նեթանյահուի խելահեղությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն: