ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ֆինանսական զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերն արել են իրենց ներքին համակարգերում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այն գործիքները կամ հնարքները, որոնք զեղծարարներն իրականցնում են, գնալով դառնում են բարդ։ Այդ տեսնակյունից մարդկանց կոմունիկացնելն էլ մեզ համար դառնում է բարդ։ Զեղծարարների ձևակերպումները գնալով դառնալու են ավելի հմուտ ու կրեատիվ։ Իհարկե, անվտանգության բարձրացման համար մենք աշխատացնելու ենք նաև ԱԲ–ն»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով` զեղծարարները հիմնականում հարձակվում են այն մարդկանց վրա, որոնք ֆինանսապես ավելի կայուն են։ Գալստյանը ևս մեկ անգամ մարդկանց կոչ արեց` լինել շատ ուշադիր իրենց անձնական տվյալների հետ կապված։
«Ես ինքս կիբեռհարձակման զոհ եմ հանդիսանում, այսինքն` անընդհատ փորձում են հարձակվել իմ էլոկտրոնային հասցեի վրա։ Ես ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր ՏՏ անվտանգությանը, հարցնում` ինչ անել, պրոտոկոլը որն է, գործում եմ ըստ պրոտոկոլի։ Հիմա մարդիկ նույն կերպ պետք է վարվեն, քանի որ կապ չունի` դու ԿԲ նախագահն ես, թե ուսուցիչ ես, ճարտարապետ ես թե ֆինանսիստ, դու պիտի հետևես հիգիենայի կոնկրետ կանոններին, ըստ որոնց` քո անձնական տվյալները ոչ մի պարագայում ոչ մեկին չպետք է փոխանցես` ինչ պատրվակով էլ որ փորձեն քեզ համոզել»,– հայտարարեց Գալստյանը։
Նա վստահեցրեց, որ իր հաշիվների վրա զեղծարարների փորձերն անհաջող են եղել, քանի որ մենք ունենք աշխարհի ամենալավ ՏՏ անվտանգություններից մեկը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ ԿԲ-ն զեղծարարությունների ռիսկերի կառավարման համակարգ է ներդնելու։
Հիշեցնենք նաև` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույք բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։