Միրզոյանը դեսպան Սոբհանիին Բարեկամության շքանշան է հանձնել. նա ավարտում է աշխատանքը ՀՀ-ում

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում և այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ: Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն այսօր ընդունել է Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի առիթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, որոնք ներառում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն:
«Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան–Իրան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների միջև բարեկամության, տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքները անվերապահ հարգելու և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման վերջում Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:
Հիշեցնենք, որ Մեհդի Սոբհանին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2023 թ. հուլիսին։