ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է վարում ու ցանկանում է ձևավորել հայի կերպար, որն իրենց համար սպառնալիք է ներկայացնում։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկատվությանը, թե Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել։
Նշվում է, որ նա, իբր, ձեռքի երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Հրապարակվել են կադրեր, որտեղ նա պարզապես շրջում է քաղաքում. որոշ կադրերում նրա ձեռքին պայուսակ է նկատվում։
Ադրբեջանական մամուլը գրում է նաև, որ ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել, վիրավորվել է նաև Կարեն Ավանեսյանը:
«Սա ուղղված է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին։ Ներքին լսարանի համար ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորում է հայի կերպար, որը իրենց համար դեռևս սպառնալիք է պարունակում։ Նաև դա ուղղված է մեզ, մեր հանրությանը, ցույց տալու համար, որ իրենց հռետորաբանությունը, ռազմական նպատակները չեն ավարտվել և շարունակվելու են»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Այս միջադեպը, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում:
«Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ է նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի։ Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Թեմային անդրադարձել է նաև ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը։ Նա X-ի իր էջում հիշեցրել է նախորդ տարվա մի ռեպորտաժ, որտեղ գրող Սերգեյ Օգոլցովը պատմում է Ավանեսյանի մասին։ Նա ասում է, որ Ավանեսյանը հաճախ զբոսնում է երկու պայուսակով և կերակրում թափառող կատուներին, ինչի պատճառով ադրբեջանցիները ծաղրում են նրան։
Նա կիսվել է նաև ադրբեջանական հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժով, որտեղ հենց ինքը` Ավանեսյանը, պատմում է, որ ունի 17 կատու ու խնամում է նրանց։
Սոցցանցերի հայ օգտատերերը նույնպես անդրադարձել են Ավանեսյանին։ Գրում են, որ նա ինքնամփոփ մարդ է, ինչի պատճառով նրան տարօրինակ են համարել։ Նա գերազանցությամբ ավարտել է դպրոցը և երկու համալսարան։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ստեփանակերտում մնացած հայազգի Կարեն Ավանեսյանը, «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով, փորձել է մոտենալ միջոցառման անցկացման վայր։ Ձերբակալության ժամանակ Կարեն Ավանեսյանը, իբր, ձեռքի երեք նռնակ է նետել է ու ինքնաձիգից կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակի ժամանակ նա ևս վիրավորվել է։