ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակայնորեն վիրավորելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել հեռուստատեսության երեք աշխատակիցների, այդ թվում՝ ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Սուաթ Թոքթաշի նկատմամբ: Մեղադրող կողմը պահանջում է պատժել նրանց ազատազրկմամբ։ Այս մասին հայտնում է Posta թերթը։
Բաքըրքյոյի դատախազության մեղադրական եզրակացության համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին մեղադրյալները մասնակցել են «Seda Selek ile Neden Sonuç» ծրագրին, որտեղ հնչել են արտահայտություններ, որոնք, ըստ քննության, ոտնահարում են նախագահի պատիվն ու արժանապատվությունը։
«Մեղադրյալները հայտարարում են, որ իրենց մեկնաբանությունները լրագրողական քննադատություն են, վերաբերել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և պատմական դեմքերի քննարկմանը ու չեն պարունակել վիրավորանքներ: Սուաթ Թոքթաշը՝ որպես հեռուստաալիքի տնօրեն, նույնպես չի ընդունում իր պատասխանատվությունը իբր նախագահին վիրավորանք հասցնելու համար»,– գրում է պարբերականը։
Մեղադրող կողմը պահանջել է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկում։ Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան: