ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դատապարտել է Դոհային Իսրայելի ավիահարվածները:
«Շանհայի համագործակցության կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի բնակելի շրջանին Իսրայելի հասցրած ավիահարվածների կապակցությամբ և դատապարտում է Կատար պետության ինքնիշխանության խախտումը», - ասված է հայտարարության մեջ, որն այսօր տեղադրվել է ՇՀԿ պաշտոնական կայքում:
Կազմակերպությունը նման գործողություններն անվանել է անընդունելի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում:
«Շանհայի համագործակցության կազմակերպությունը հետևողականորեն հանդես է գալիս միջազգային հարաբերություններում ուժի և ուժի կիրառման սպառնալիքի դեմ, ինչպես նաև աջակցում է Մերձավոր Արևելքում քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակի ապաէսկալացմանը», - նշվում է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարել է «Կրակե գագաթ» գործողության մեկնարկի մասին և հարվածներ հասցրել Դոհայում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին: Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերացնելու գործողությունը, որի պատասխանատվությունը ինքն է կրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին Իսրայելի հարվածներն անվանել է «դժբախտ պատահար»` նշելով, որ այդ թեմայով խոսել է Նեթանյահուի հետ։
Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիան սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Արաբական երկրները նաև կոչ են արել միջազգային հանրությանը վերջ դնել իսրայելական հարձակումներին:
Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ է արել դադարեցնել «Նեթանյահուի խելահեղությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը: Գործընկեր երկրներն են՝ Հայաստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Լաոսը, Մալդիվները, Մոնղոլիան, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: