18-ամյա Համլետ Մանուկյանի անունով մարմնամարզության նոր տարր կանվանվի. տեսանյութ

Մանուկյանը դարձավ 8-րդ հայ մարմնամարզիկը, որն իր անունով տարր կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի պատվին նոր տարր կանվանվի։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող «World challenge cup» մրցումներում Մանուկյանն անցել է եզրափակիչ փուլ։ Բացի այդ, նրա շնորհիվ տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվում է ևս մեկ տարրով:
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»: Այսպիսով նա դարձել է հայ 8-րդ մարմնամարզիկը, որն իր անունով կատարած տարր ունի։
Ֆեդերացիայից հիշեցնում են, որ հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):
Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն
«World challenge cup» մրցումներն անցկացվում են Ֆրանսիայի Փարիզ քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ը։ Հայաստանի միակ ներկայացուցիչը Համլետ Մանուկյանն է:
Հավելենք, որ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր և օղակներ վարժություններում 2023 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն է։