ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ԵՄ-ին և ՄԱԿ-ին կանգնեցնել Իսրայելին՝ միջազգային անվտանգության համակարգի փլուզումից խուսափելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Միջազգային հանրությունը, միջազգային համակարգը պետք է անեն ավելին։ Հատկապես ԵՄ-ն, այլ երկրները, ՄԱԿ-ը պետք է գործողություններ ձեռնարկեն Իսրայելին կանգնեցնելու համար։ Հակառակ դեպքում մենք կկանգնենք միջազգային համակարգի լիակատար փլուզման առջև», – ասել է Ֆիդանը Իտալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նրա հայտարարության տեսագրությունը ներկայացրել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) երեքշաբթի հայտարարել է «Հրեղեն բարձունք» գործողության մեկնարկի մասին և հարված է հասցրել Կատարում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ականատեսները ՌԻԱ Նովոստիին պատմել են Դոհայում տեղի ունեցած մի շարք հզոր պայթյունների մասին: