ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ստամբուլում տաքսի ծառայության և հանրային տրանսպորտի սակագները թանկացել են 30%-ով։ Սա մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ թանկացումն է, նախորդ թանկացումը եղել էր հունվարին։ Տաքսի ծառայության նվազագույն արժեքն այժմ կազմում է 175 լիրա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, որոշումը կայացրել է քաղաքապետարանի խորհուրդը։
Վճարների բարձրացման առաջարկը քննարկվել էր նաև հունիսին, բայց մերժվել էր։ Այսօր կայացած նիստում, որը հեռարձակվել է ուղիղ եթերում, առաջարկը միաձայն հաստատվել է։ Նոր գները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 15-ից։
Նոր սակագների համաձայն՝ ավտոբուսի կամ մետրոյի ուղեվարձն առանց արտոնությունների կարժենա 35 լիրա, լաստանավային կարճ երթուղիների ուղետոմսը՝ 44 լիրա, իսկ Ստամբուլի և Իշխանաց կղզիների միջև երթերը՝ 130 լիրա։
Տաքսի ծառայությունից օգտվող ուղևորները պարտավոր են վճարել նաև վճարովի ճանապարհներով և կամուրջներով երթևեկության ավելացված արժեքը։
Օտարերկրյա զբոսաշրջիկները հազիվ թե որևէ էական փոփոխություն զգան, քանի որ լիրայի փոխարժեքի անկման ֆոնին արտարժույթով գները նույնիսկ նվազել են։
Ըստ ԶԼՄ–ների` Ստամբուլում անբարեխիղճ վարորդները հաճախ հրաժարվում են կարճ հեռավորությունների դեպքում տեղափոխել ուղևորներին կամ չեն միացնում հաշվիչը, ինչը նախևառաջ ազդում է զբոսաշրջիկների վրա։ Փոխքաղաքապետ Բուղրա Գյոքչեի խոսքով՝ քաղաքում տաքսիների լուրջ պակաս կա. յուրաքանչյուր վարորդի մոտ 867 բնակիչ է բաժին հասնում։ Համեմատության համար՝ Լիսաբոնում 1 տաքսիին 160 մարդ է բաժին հասնում, Լոնդոնում՝ 650։