ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզում մահացել է 1 մարդ, 6-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Բեսոնովկա գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել. տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Բելգորոդի շրջանի Վեսյոլայա Լոպան գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է առևտրային օբյեկտի, վիրավորվել է 13-ամյա երեխա և մեկ տղամարդ»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ ազդրի թափանցող բեկորային վնասվածք ստացած մի աղջիկ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Շտապօգնության խումբը ոտքի պատռված վերքով տղամարդուն տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
«Բելգորոդում բազմաբնակարան շենքի մոտ ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով տղամարդ է տուժել... Բացի այդ, բժշկական հաստատություն է դիմել ևս մեկ կին, որը վիրավորվել է առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Նա ստացել է տարբեր աստիճան մարմնական վնասվածքներ։ Անհրաժեշտ օգնությունը ցուցաբերված է, բուժումը շարունակում է ամբուլատոր եղանակով», - մանրամասնել է մարզպետը։
Գլադկովի խոսքով՝ մարզի Յակովլևսկի շրջանի Ժդանով բնակավայրում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 2 տղամարդիկ: Շտապօգնության խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վիրավորներին, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։