Թող 24 ժամով դադարեցնի բռնությունը, տեսնենք՝ քանի ժամ կմնա իշխանության․ Սաղաթելյան

Դաշնակցական գործիչը հարց է ուղղում իշխանությանը՝ եթե այս ընդդիմությունն այդքան հարմար է իրենց համար, էլ ինչու՞ են հետապնդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն առաջարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդամենը 24 ժամ տալ ժողովրդին և տեսնել, թե ինչպես է ժողովուրդը հեղափոխություն անում։ Այդ մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Թող 24 ժամ իր ուժային կառույցները դադարեցնեն մարդկանց նկատմամբ բռնությունները, ապօրինությունները, տեսնենք՝ ինքը դրանից հետո քանի ժամ կմնա իշխանության։ Գիշեր-ցերեկ ամբողջ ուժային համակարգն ամենամեծ սրիկայություններով, ձերբակալություններով, ապօրինի քայլերով մարդկանց բանտարկեն, ճնշեն, աշխատանքից հեռացնեն, հետո էլ ասեն՝ ժողովուրդը հեղափոխություն չի անում»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանության օրոք չի եղել այնպիսի ժամանակահատված, որ դաշնակցական անդամներից բանտում մարդ չլինի, այսօր քաղբանտարկյալների թիվը մի քանի տասնյակ է։ Շեշտում է՝ եթե այս ընդդիմությունը շատ հարմար է իրենց համար, բա էլ ինչո՞ւ են բռնում։
Նշենք, որ այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի։