ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիսը» դադարեցրեց գործունեությունը «Էկոս» ազատ տնտեսական գոտում։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» ՓԲԸ–ն բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվել է ՀՀ կառավարության 2021 թ–ի սեպտեմբերի 2–ի որոշմամբ: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել էր 5 տարի:
«Հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հերթական հայտարարագրի թվային ցուցանիշների ուսումնասիրումից պարզ է դարձել, որ ընկերությունը բոլոր ցուցանիշների գծով չի կատարել իր կողմից սկզբնական հայտարարագրով ստանձնած պարտավորությունները»,– ասված է որոշման մեջ։
Այդ պատճառով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է հանել «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» ընկերությունը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը։