Գազայում օգնության բաշխման կետերի գնդակոծման հետևանքով առնվազն 2 հազար մարդ է զոհվել

ՄԱԿ-ի կառույցը կոչ է արել վերսկսել օգնության անխափան մատակարարումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Առնվազն 2 հազար մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետերի մոտ հերթերի գնդակոծման հետևանքով: Այս մասին հայտարարել է պաղեստինցի փախստականների օգնության՝ ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին։
«Առնվազն 2 հազար հուսահատ և սոված մարդ է զոհվել՝ փորձելով պարենի օգնություն ստանալ. ճնշող մեծամասնությունը զոհվել է Գազայի, այսպես կոչված, մարդասիրական հիմնադրամի օբյեկտների մոտակայքում», - նրա խոսքերը մեջբերել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը:
Գործակալության ղեկավարը հայտարարությամբ կոչ է արել վերսկսել օգնության անխափան մատակարարումները՝ նշելով, որ այն պետք է հասցվի մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգոստոսի 22-ին առաջին անգամ հայտարարել է պաղեստինյան տարածաշրջանում աղետալի սովի մասին: Գնահատման համաձայն՝ սեպտեմբերի վերջին Գազայի հատվածում ավելի քան 640 հազար մարդ կբախվի պարենի պակասի աղետալի մակարդակի, որը դասվում է պարենային անվտանգության դասակարգման (IPC) հինգերորդ աստիճանին։