ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմաստ չի տեսնում Ռուսաստանի տնտեսական մեկուսացման մեջ, ուկրաինական ճգնաժամի կարգավորումից հետո պատրաստ է համագործակցել նախագծերի լայն շրջանակի շուրջ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նախագահն անկեղծ էր ինչպես եվրոպացիների, այնպես էլ ռուսների հետ այն հարցում, որ իմաստ չի տեսնում Ռուսաստանի տնտեսական մեկուսացման մեջ, եթե (այդպիսի նպատակ. խմբ) չհաշվենք հակամարտության շարունակությունը։ Նա ուզում է, որ այլևս մարդիկ չզոհվեն։ Եվ խաղաղության հասնելուց հետո նա բաց է տնտեսական պայմանավորվածությունների լայն շրջանակի համար, որոնք ձեռնտու են ԱՄՆ-ին», - ասել է Վենսը «One America News Network» հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ Ռուսաստանն օգտակար հանածոների հսկայական պաշարներ ունի։
«Ես կարծում եմ, որ նախագահը միանգամայն ճիշտ է՝ համարելով, որ հակամարտության կարգավորումից հետո ապագայում մենք կարող ենք շատ արդյունավետ հարաբերություններ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Եվ անկեղծ ասած, եթե մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենանք Արևելյան Եվրոպայում, ապա դա երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը կլինի»,- հավելել է փոխնախագահը։
Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ նշելով, որ նա միայն պատրաստ էր շարունակել Կիևին զենքի և ֆինանսական օգնության տրամադրումը՝ չմտածելով, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունը դիվանագիտական մեթոդներով։
«Նախագահը հասկանում է, որ դա հեշտ չէ, հասկանում է, որ ռուսներն ու ուկրաինացիները երբեմն ակնհայտորեն տարբեր կարծիք ունեն, բայց մենք կարծում ենք, որ հակամարտությանը վերջ տալու և խաղաղ կարգավորման արդյունքում տնտեսական բարեկեցություն ստեղծելու հնարավորություն ունենք։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - հավելել է նա։
Վենսը երաշխավորել է, որ մի օր այդ պատերազմը կավարտվի ինչ-որ խաղաղ համաձայնագրով։