ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքում «Մխիթար սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքում ապօրինի ավազահանք է շահագործվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ճանապարհաշինական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում առանց համապատասխան թույլտվության շահագործել է հանքը՝ արդյունահանելով շուրջ 5000 մ/խ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր` տեղեկություններ են ստացվել այն մասին, որ օգոստոսի սկզբներին՝ գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ:
Տեղեկությունը ստուգվել էր օգոստոսի 13-ին, հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձանի տարածքից հանքանյութ տեղափոխող յոթ բեռնատարներ։